Հայաստանի ազգային կինոկենտրոնում հարկավոր է օպտիմալացում իրականացնել: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր, Parallels Film Production ընկերության ղեկավար Հովհաննես Գալստյանը:
Նրա խոսքով՝ համապատասխան բարեփոխումներ իրականացնելով, երեք տարվա ընթացքում Հայասատանի կինոարդյունաբերությունը հնարավոր է ճգնաժամից հանել:
«Տնօրենին փոխելով, ինչպես նաեւ հաստիքը մինչեւ 15-17 մարդու կճրատելով՝ կարելի է կինոկենտրոնի նորմալ ֆունկցիոնալության հասնել, որը հետարքրված կլինի ֆիլմերի արտադրությամբ եւ հայկական կինոարդյունաբերությունը ճգնաժամից կհանի», - ասաց Գալստյանը:
Պրոդյուսերը նշեց, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի չլուծված ֆինանսավորման հարցը խոսում է այն մասին, որ կինոկենտրոնի ղեկավարությունը հայկական ֆիլմի զարգացմամբ զբաղվելու ցանկություն չունի:
««Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման մի մասը՝ 88 մլն դրամը, 2015-ին այն ժամանակվա մշակույթի նախախար Արմեն Ամիրյանի հետ կնքված պայմանագրով, պետք է իր վրա վերցներ Հայաստանի ազգային կինոկենտրոնը
2016-ին որոշում էր կայացվել ամեն տարի ընդհանուր գումարից մինչեւ 30 տոկոս ֆինանսավորման մասին: Սա նշանակում է, որ կինոկենտրոնը կարող է տարեկան անգամ 5 դոլար վճարել եւ դա պայմանագրի խախտում չի լինի»,- ընդգծեց նա:
Հովհաննես Գալստյանը նշեց, որ եթե խնդիրը չլուծվի, ապա Հայաստանը լուրջ խնդիրների հետ կբախվի:
«Դա լուրջ ֆինանսական դժվարություններ կառաջացնի կառավարության համար, քանի որ Գերմանիայից եւ Բուլղարիայից միջազգային գործընկերները, որոնք նույնպես մասնակցում են ֆիլմի ֆինանսավորմանը, դատի կտան եւ կշահեն գործը:
Բացի այդ այս միջադեպը լրջորեն կհարվածի Հայաստանի հեղինակությանը: Եթե կինոկենտրոնի ներկայիս ղեկավարությունը դիտավորյալ դատական քաշքշուկով է զբաղվում, բայց չի զբաղվում հայկական կինոյի արտադրությամբ եւ զարգացմամբ, ապա հարկավոր է դրա բարեփոխմամբ զբաղվել», - ասաց նա:
Պրոդյուսերը հավելեց, որ այս հարցով նա հանդիպել է նախագահի եւ մշակույթի նախարարի հետ:
«Նախագահ Արմեն Սարգսյանից այս հարցի լուծման համար որեւէ առաջարկություն մենք չլսեցինք: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հավաստիացրեց, որ խնդիրը շուտով կլուծվի եւ իմաստ չկա հացադուլ անցկացնել», - ասաց Հովհաննես Գալստյանը:
Գերմանիայից պրոդյուսեր Լաուրա Կլեւերը տեսակամրջի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմից ֆիլմի ֆինանսավորման դադարեցման պատճառով ծրագիրը ժամանակավորապես կանգնեցվել է։
«Հուսով եմ, որ հայ-գերմանական առաջին համատեղ ծրագիրը, այնուամենայնիվ, կիրականացվի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ իր «Հյուսված զուգահեռներ» ֆիլմի համար Հովհաննես Գալստյանը միջազգային կինոփառատոների մի շարք պարգեւներ է ստացել, ինչպես նաեւ INSOMNIA World Sales (Ֆրանսիա)-ի հետ կնքել է Հայաստանի պատմության մեջ առաջին միջազգային դիստրիբուցիոն պայմանագիրը։
2018թ․ վերջին լրանում է Parallels Film Production կինոընկերության միջազգային ծրագիր հանդիսացող «Իմ տատիկի խոպոպները» ֆիլմի արտադրության հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պարտավորությունների կատարման ժամկետը։
Գալստյանի հացադուլի պատճառն այն է, որ 2017թ․ ապրիլին այն ժամանակվա Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ծրագրի համար տրամադրված գումարի մի մասը վերադարձնելու պայմանով տրվել է Հայաստանի Ֆիլմ-բրոքերին՝ նախարարության անհետաձգելի կարիքների համար։
Գումարը չի վերադարձվել, ինչի հետեւանքով խափանվել են ֆիլմի արտադրության պլանները, եւ ընկերությունը վնասներ է կրել։ 2018թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը եւ օրենքի խախտումով չեղյալ է հայտարարել ֆիլմի ֆինանսավորման մասին նախկինում ստանձնած պարտավորությունը։
Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, իսկ միջազգային ներդրումները՝ սառեցվել։ Parallels Film Production-ին հասցվել է ֆինանսական եւ բարոյական վնաս, ինչի հետեւանքով ընկերությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հանդեպ։




























