Ինչ վերաբերում է աշխարհի կառավարմանը, մենք գիտենք, թե որտեղ է շտաբը, որը փորձում է դա անել, եւ այն Մոսկվայում չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով The Wall Street Journal-ի լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք աշխարհը կառավարել:
«Սա կապված է համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ առաջատար դերի, պաշտպանական ծախսերի հետ՝ գրեթե 700 մլրդ դոլարից ավելի: Ռուսաստանի կողմից աշխարհը կառավարելը կարծրատիպ է, որն Արեւմուտքին պարտադրվում է ներդաշինքային եւ ներքաղաքական հարցերի լուծման համար»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներին համախմբելու համար արտաքին սպառնալիք է անհրաժեշտ, որի դերին լավ է համապատասխանում Ռուսաստանը՝ որպես խոշորագույն միջուկային տերություն:
Նա նշել է, որ ռուսատյացությունը հնարավորություն է տալիս որոշ երկրների ներքաղաքական բարեկեցությունն ապահովել նախկին պատմական վախերի հիման վրա: Նման մոտեցումը, ըստ նրա, վնասակար է նրանով, որ անցյալի ֆոբիաների շահագործում է, որը վնասում է առաջ շարժվելուն:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը Ռուսաստանի զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է, որպեսզի համաշխարհային ասպարեզում արժանի տեղ գրավի՝ «որպես հավասարների շարքում հավասար գործընկեր»:





























