ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա մերձավոր շրջապատը քննարկում են Աֆղանստանից ամերիկյան զորքի հիմնական մասի դուրսբերման հնարավորությունը: Իր աղբյուրներին վկայակոչելով՝ The Wall Street Journal-ը հայտնում է, որ զինծառայողներին տուն ուղարկելը կարող է մեկնարկել  արդեն առաջիկա մի քանի շաբաթներին:

Աֆղանստանում է գտնվում մոտ 14 հազար ամերիկացի զինծառայող, որոնք հիմնականում մասնակցում են ռազմական գործողություններին եւ զբաղված են տեղական բանակին աջակցության ցուցաբերմամբ:

Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու որոշման մասին՝ պատճառաբանելով, որ «Իսլամական պետության» դեմ հաղթանակից հետո այս երկրում ԱՄՆ հիմնական նպատակներն իրականացվել են:

Արտասահմանում գործողությունների դադարեցման մասին տեղեկությունների ֆոնին հրաժարական է տվել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, որը համարվում էր Սիրիայում եւ Աֆղանստանում ամերիկյան բանակի ներկայության կողմնակից: Նա իր նամակում հույս է հայտնել, որ Թրամփը կգտնի նոր նախարարի, որի հետ ավելի նման հայացքներ կունենա: