ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է ժամանակավոր պետական բյուջեի հանրապետական տարբերակի օգտին, որում բավարարվել է Դոնալդ Թրամփի գլխավոր պահանջը. օրենսդիրները համաձայնվել են Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը շարունակելու համար 5 մլրդ դոլարի հատկացմանը: Հնարավոր է, որ այս որոշումը թույլ կտա խուսափել այս շաբաթ «շաթդաունից»՝ մի քանի դաշնային գերատեսչությունների աշխատանքների դադարեցումից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 217 կոնգրեսական, դեմ՝ 185-ը: Դեկտեմբերի 19-ի երեկոյան Սենատն ընդունել էր ժամանակավոր բյուջեի այլ տարբերակ՝ առանց պատի կառուցման 5 մլրդ դոլարի հատկացումը հաշվի առնելու: Հիմա Ներկայացուցիչների պալատի հավանությունը ստացած օրինագիծը կրկին Սենատի քննարկմանը կվերադարձվի:

Եթե սենատորները փաստաթղթին հավանություն չտան, «շաթդաունը» կսկսվի ուրբաթ լույս շաբաթ գիշերը:

Մինչ դա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պնդում է 2019 թվականի ժամանակավոր պետբյուջեի նախագծում ներառել ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանին անվտանգության ապահովման ծախսերը: