Չինաստանի իշխանությունները չափազանց դժգոհ են ամերիկյան կառավարության հայտարարություններից հաքերային հարձակումների եւ ցանցային տեղեկությունների հափշտակման մասին, որոնք իբր կապ ունեն չինական պետական մարմինների հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ցանցային անվտանգության հարցերում չինական կառավարությունն ունի անփոփոխ եւ միանշանակ դիրքորոշում: Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս անվտանգ համացանցի օգտին, պայքարում է համացանցի միջոցով ցանկացած դրսեւորմամբ տեղեկությունների հափշտակման դեմ»,- նշված է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դիվանագետի խոսքով՝ չինական իշխանությունները ոչ մի պարագայում աջակցություն ցուրց չեն տա նրանց, ովքեր զբաղվում են հաքերային հարձակումների ճանապարհով տվյալներ ստանալով:

«Չինաստանի 2 քաղաքացիների դեմ, այսպես կոչված, համացանցային գողության մեղադրանքները եւ համապատասխան «հայցը» գործողություններ են, որոնք միջազգային օրենսդրության նորմերի ծանր խախտում են եւ լուրջ վնաս են հասցնում ամերիկա-չինական հարաբերություններին... Չինաստանն այս առիթով վճռական բողոք է հայտնում»,- ամփոփել է Հուա Չունյինը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ ՀԴԲ-ն հինգշաբթի հայտարարել էին Չինաստանի 2 քաղաքացիների հեռակա մեղադրանքներ ներկայացնելու մասին ամերիկյան մասնավոր ընկերություններից եւ տարբեր պետական կառույցներից մտավոր սեփականության գողության ծավալուն արշավին մասնակցության համար: Մեղադրվող Չժու Հուան եւ Չժան Շիլունն իբր կապված են Չինաստանի պետանվտանգության նախարարության հետ: