Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Բիգունը լավատեսորեն է տրամադրված միջուկային ճգնաժամի կարգավորման գործում դիվանագիտական առաջխաղացումների կապակցությամբ, փոխանցում է AP-ն:

Սթիվեն Բիգունը հարավկորեացի պաշտոնատար անձանց հետ հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ դաշնակիցները վճռականությամբ լի են վերջ տալու 7 տասնամյակի թշնամությանը եւ ամբողջ կորեացի ժողովրդի համար ստեղծելու «նոր, պայծառ ապագա»:

Բիգունի մեկնաբանությունները համահունչ են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեկնաբանություններին, որը հայտարարել էր, թե Վաշինգթոնն ու Փհենյանը նախկինի պես աշխատում են «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ապամիջուկայնացման պարտավորությունների» իրկանացման գործընթացի շուրջ:

«Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփն ու նախագահ Կիմը կհանդիպեն նոր տարում եւ ԱՄՆ-ից այս սպառնալիքը հեռացնելու գործում էլ ավելի մեծ առաջընթացի կհասնեն»,- ասել էր Պոմպեոն:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը մեկնաբանություններ էր հրապարակել, որոնցում ընդգծվում էր, որ Փհենյանը չի հրաժարվի իր միջուկային ներուժից, մինչեւ ԱՄՆ-ն չանի առաջին քայլը եւ չչեզոքացնի Հյուսիսային Կորեայի դեմ «միջուկային սպառնալիքը»: