Կոսովոյի բանակի ստեղծումը բացառում է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ քաղաքական փոխզիջման հնարավորությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում  է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ Կոսովոյի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 14-ին Կոսովոյի անվտանգության ուժերը զինված ուժերի վերափոխելու մասին ընդունված օրենքների փաթեթը «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի կոպիտ խախտում է, որը սպառնում է Արեւմտյան Բալկաններում խաղաղությանը եւ անվտանգությանը»:

«Կոսովոյի բանակի ստեղծումը խաթարում է Կոսովոյի խնդրի լուծման երկարատեւ միջազգային ջանքերը, օբյեկտիվորեն բացառում է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկու կողմերի համար ընդունելի հիմքերով քաղաքական փոխզիջման հնարավորությունը», - ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ասել է Լուկաշեւիչը:

Նա հավելել է, որ այս միջոցառումը բազմակի անգամ  մեծացնում է Արեւմտյան Բալկաններում արյունահեղության կրկնության հավանականությունը:

Կոսովոյի խորհրդարանը ավելի վաղ հավանություն էր տվել թեթեւ զինված Կոսովոյի անվտանգության ուժերը լիարժեք բանակի վերափոխելու օրինագծերի փաթեթին: Նախատեսվում է, որ Պրիշտինայի զինված ուժերը բաղկացած կլինեն 5000  զինծառայողներից եւ 3000 պահեստայիններից: