Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերումը կարող է ԱՄՆ-ին խոցելի դարձնել «երկրորդ սեպտեմբերի 11-ի» համար: Այս մասին իր թվիթերյան էջում նշել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ վարչակզմը մտադիր է զգալիորեն կրճատել Աֆղանստանում տեղակայված զինվորականների թիվը:

«Ներկայումս Աֆղանստանում առկա պայմանները ամերիկյան զորքի դուրսբերումը վերածում են բարձր ռիսկի ռազմավարության»,- կարծում է հանրապետականը: «Եթե ներկայիս կուրսը շարունակենք, մեր բոլոր առավելությունները կկորցնենք եւ կհարթենք երկրորդ սեպտեմբերի 11-ի (2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն) ճանապարհը»,- նշել է նա:

Ավելի վաղ ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա Fox News-ին ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է Աֆղանստանից դուրս բերել 3 հազարից ավելի ամերիկացի զինծառայողի: Ներկայումս Աֆղանստանում են գտնվում ԱՄՆ 15 հազար զինծառայողներ:

Գրեմի խոսքով՝ ինքն Աֆղանստան ուղեւորությունից վերջերս է վերադարձել ու «կարող է առանց վարանելու ասել, որ ԻԼԻՊ-ը մեր հայրենիքի համար շարունակում է մնալ անմիջական սպառնալիք, եւ նրանք զգալի առավելություն կստանան ամերիկյան զորքի կրճատումից»: