Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել երկրում զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների համար երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկներին: Դեկտեմբերի 21-ին՝ 13 ժամ տեւած բանավեճերից հետո, բարեփոխումների փաթեթին կողմ է քվեարկել 153 պատգամավոր, 9-ը դեմ է քվեարկել, եւս 58-ը՝ ձեռնպահ, հաղորդում է DW-ն:

Խորհրդարանում հաստավելուց հետո, որտեղ մեծամասնություն է կազմում Մակրոնի «Հանրապետությունը՝ երթում» կուսակցությունը, օրինագծերը կներկայացվեն Սենատի քննարկմանը, որտեղ գերիշխում են պահպանողականները: Վերին պալատն արդեն հայտնել է, որ համաձայն է հակաճգնաժամային միջոցների հետ:

Դեկտեմբերի 10-ին ժողովրդին ուղերձով դիմելով՝ Մակրոնը հայտարարել էր, որ ներկայիս ճգնաժամի համար պատասխանատվության մի մասն իր վրա  է վերցնում: Նա խոստացել էր ամսական 100 եվրոյով բարձրացնել աշխատավարձը: Բացի այդ հայտնել էր, որ 2019-ին թոշակառուներից, որոնց ամսական եկամուտը 2000 եվրոյից քիչ է, սոցիալական դրամահավաքները չեն բարձրանա: Նա հավելել է նաեւ, որ արտաժամյա աշխատանքի վարձատրությունը նույնպես չի հարկվի: