Հայաստանի ոստիկանությունը լիազորված պետական մարմին կճանաչվի թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծումն ու արտահանումը թույլատրելու համար։ Համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի փետրվարի 24-ի նիստում։

Նշենք, որ մինչ օրս կառավարական որեւէ մարմին նման լիազորություն չունի։ Սակայն «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի պահանջով՝ կառավարությունը պարտավոր է որեւէ պետական մարմնի նման լիազորություն ընձեռել։ Նախապես ենթադրվում էր, որ դա կլինի առողջապահության նախարարությունը, սակայն կառավարությունը նպատակահարմար է գտել լիազորությունը տրամադրել ոստիկանությանը։

Հայաստանում հոգեմետ դեղերի արտադրությամբ զբաղվում է «Արփիմեդ» ընկերությունը, որին բաժին է ընկնում ներքին շուկայում իրացվող հոգեմետ դեղերի մոտ 80 տոկոսը։

Ըստ առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինա Հարությունյանի NEWS.am-ին տրամադրած տեղեկատվության՝ հանրապետությունում աճել է հոգեկան հիվանդների թիվը։ Ներկայումս այդպիսիք համարվում են 44 հազարը՝ 10 տոկոսով ավելի քան 2009 թ.: