ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանին, որ ամերիկյան կոնգրեսը չի արգելափակի Անկարային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hurriyet թերթին։

Կոնգրեսի թույլտվությունը պահանջվում է նրա համար, որպեսզի գործարքն ավարտվի, նշում է պարբերականը։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը չի ճշտել, թե ինչպես է մտադիր ապահովել գործարքի իրականացումը։

Այս շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիայի հետ 3,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Վաճառքի թույլտվության մասին տեղեկությունը ստացվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ մի ամբողջ շարք հարցերի շուրջ լարվածության ֆոնին, այդ թվում եւ Անկարայի կողմից ռուսաստանյան С-400 ՀՀՊ համալիրի գնումների մտադրության համար, ինչի դեմ ակտիվորեն պայքարում է Վաշինգտոնը՝ սպառնալով պատժամիջոցներով։