Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, նախագահական նստավայրի մոտ գտնվող հսկիչ անցակետի մոտ տեղի ունեցած պայթյուններից, տեղեկացնում է Ռոյթըրը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Առաջին հզոր պայթյունից հետո որոտացել է նաեւ երկրորդը։ Կատարված հանցագործության պատասխանատվությունը ստանձնել է Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորումը։
Պայթուցիկը դրված է եղել մահապարտի ավտոմեքենայում, որը կայանել էր անցակետի մոտ։
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է քաղաքապետ Մուհամեդ Հուսեյնը, 13 զոհվածների մեջ կան խաղաղ բնակիչներ եւ զինվորականներ։ Զոհվածների մեջ եղել են նաեւ մեկ լրագրող, անվտանգության ծառայության աշխատակիցներ, ինչպես նաեւ Universal TV հեռուստակայանի վարորդը։
Նշվում է, որ չնայած 2011թ. հաջողվել է Աշ-Շաբաբը դուրս քշել Մոգադիշոյից, բայց կազմակերպությունն, այնուամենայնիվ, շարունակում է իր հանցավոր գործունեությունը երկրի որոշ շրջաններում։ Խմբավորման ահաբեկչական գործողությունների հետեւանքով հազարավոր սոմալեցիներ են զոհվել։




























