Բելգիացիները Եվրամիությունում առաջինը կարող են ապահովագրվել ամուսնալուծության դեպքի համար։ Նման ծառայություն առաջարկել է ARAG ապահովագրական ընկերությունների խումբը։ Ապահովագրությունը փակում է փաստաբանների եւ այլ ծախսերը, որոնք կապված են ամուսնալուծության իրավաբանական ձեւակերպման հետ։ Վճարումներ կարող են ստանալ ինչպես նախկին ամուսինները, այնպես էլ նրանցից մեկը՝ հայտնում է «Европульс»-ը։

Ապահովագրական պայմանագիր կարող են կնքել ամուսնական զույգերը, որոնք մոտ ապագայում չեն պլանավորում բաժանվել, ապահովագրական վճարումները կարելի է ստանալ պայմանագիրը կնքելուց մի քանի տարի հետո։

Բելգիայի արդարադատության նախարարությունը հավանության է արժանացրել ապահովագրության նոր տեսակը, քանի որ այն օգնում է բնակիչներին ստանալ իրավաբանական ծառայություններ, որոնք նրանց համար օրենքով նախատեսված են։