Չինաստանի իշխանությունները հինգշաբթի օրն ի կատար են ածել սերիական մարդասպան եւ բռնաբարող Հաո Չենյունի նկատմամբ մահապատժի դատավճիռը, որին հաջողվել էր գրեթե 30 տարի անպատիժ մնալ, հաղորդում РИА Новости-ն` վկայակոչելով Չինաստանի Հանսու նահանգի Բային քաղաքի միջին աստիճանի ժողովրդական դատարանի կայքի հայտարարությունը:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարձրագույն ժողովրդական դատարանի նախագահի կողմից մահապատժի դատավճիռ կայացնելու մասին  հրամանագրի հիման վրա հունվարի 3-ին, օրվա առաջին կեսին Հաո Չենյունը մահապատժի ենթարկվեց», - հաղորդել են դատարանում:

Անցյալ տարվա մարտին Բային քաղաքի միջին աստիճանի ժողովրդական դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց 11 կանանց կանխամտածված սպանությունների, ինչպես նաեւ բռնաբարությունների, կողոպուտների եւ դիակապտության մեջ: Կատարած հանցագործությունների արդյունքում, նրան դատապարտեցին առավելագույն պատժի:

1988-ից 2002 թվականը, Հանսու նահանգի Բային քաղաքում տեղի են ունեցել սպանությամբ ուղեկցված սեռական բռնության 10 դեպք․ ամենաերիտասարդ զոհը ընդամենը 8 տարեկան էր: Հանցագործությունների քանակը եւ դաժանությունը քաղաքի բնակիչների շրջանում խուճապ էր առաջացրել: 2001թ. օգոստոսին Հասարակական անվտանգության նախարարությունը գործն իր վերահսկողության ներքո էր վերցրել, սակայն հետաքննությունը ոչ մի կերպ առաջ չէր գնում: