ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը հայտարարել է, որ Սենատը չի քննարկելու բյուջեի վերաբերյալ օրինագծերը, որոնք դեմոկրատները մտադիր են քվեարկության դնել հինգշաբթի Ներկայացուցիչների պալատում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սենատը ժամանակ չի ծախսի դեմոկրատների օրինագծի քննարկման վրա, որը չի կարող ընդունվել այս պալատում, եւ որը նախագահը չի ստորագրի», - ասել է նա՝ հանդես գալով Սենատում:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի Թրամփը բանակցություններ է վարել Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում՝ դեմոկրատական եւ հանրապետական ղեկավարների հետ՝ Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության իրավիճակի վերաբերյալ: Նախագահը նշել է, որ «շաթդաունը» երկար կշարունակվի, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Մեքսիկայի հետ պատը եւ մեղադրել է դեմոկրատներին՝ կառավարության ժամանակավոր փակման մեջ:
Բյուջետային համաձայնության բացակայության պատճառով որոշ դաշնային կառույցներ չեն ֆինանսավորվել դեկտեմբերի 22-ից ի վեր, իսկ ԱՄՆ օրենսդրությունը արգելում է աշխատել դաշնային կառավարությանը` առանց հաստատված բյուջեի: Ստիպված են եղել կրճատել Պետդեպարտամենտի, Ներքին անվտանգության, Արդարադատության, Տրանսպորտի, Գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ մի շարք այլ գերատեսչությունների աշխատանքները: Հարյուր հազարավոր պետծառայողներ հարկադիր արձակուրդի են ուղարկվել:





























