Թերթը գրում է. «80-ականներին Երեւանում գրախանութների թիվը գերազանցում էր 60-ը: Այսօր դրանց թիվը չի գերազանցում 10-ը: Հիմա գրախանութ հասկացության տակ մարդիկ հասկանում են գրենական պիտույքների, փափուկ խաղալիքների ու պայուսակի վաճառք:

Միայն քաղաքի կենտրոնում նախկինում գործում էր շուրջ 10 գրախանութ: Այսօր դրանցից միայն երկուսն են գործում, այն էլ բավական թանկ գնացուցակով:

Ընթերցասեր հասարակությունը գիտի` որտեղից կարող է գնել անգամ չճարվող գիրքը` Աբովյանի գետնանցումից: Այստեղ փոշու, կեղտի ու ցեխի մեջ կարող ես գտնել Դոստոեւսկու «Ոճիրն ու պատիժը», Հյուգոյի «Թշվառները», Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Տիկին Մարթան նշում է, որ գեղարվեստական գրքեր գնողներն այնքան էլ շատ չեն: Հիմնականում գնում են դասագրքեր ու բառարաններ: Լայն պահանջարկ չունեցող դասականների գրքերն էլ հայտնվում են գետնին` իրար գլխի թափված:

…Եթե գետնանցումներում հնարավոր չէ քաղաքակիրթ պայմաններ ու առեւտուր կատարել, ապա գրախանութներն էլ քաղաքակրթությամբ առանձնապես չեն փայլում: Երեւանի կենտրոնում այսօր ընդամենը երկու գրախանութ է պահպանվել, բայց այնտեղ էլ, մեղմ ասած, գիրք վաճառելու կուլտուրան չի պահպանվել: Նախ աշխատողները տեղյակ չեն, թե որ բաժնում ինչ գիրք է վաճառվում, եւ ստիպված ես հսկայական խանութում փնտրել բաժինները: Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում գրախանութ մտնելիս կտեսնես մի անկյուն, որը տրամադրվում է նոր հրատարակված գրքերին: Ընթերցողին հնարավորություն է տրվում ծանոթանալու վերջին շրջանում հրատարակված գրքերի ցանկին եւ ընտրություն կատարել: Հայաստանում նման բան ոչ մի գրախանութում չես գտնի: Մեր հասարակությունում բացակայում է գիրք հարգելու մշակույթը: Ու թեպետ արդեն Հայաստանի տոնացույցում ավելացել է գիրք նվիրելու օրը, դա էլ իրավիճակում որեւէ փոփոխություն չի մտցնում, որովհետեւ գիրք հարգելը միայն վաճառելը կամ գնելը չէ, այլեւ ներկայացնելն է»: