Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիի բաձրահարկ շենքում գազի պայթյունի ժամանակ տուժած եւ մահացած մարդկանց մի մասը մեկ ընտանիքի անդամներ են, հայտնում է  «Ambebi.ge»-ն:

Հզոր պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի Թբիլիսիի ծայրամասում՝ Դիդի Դիգոմի շրջանի բնակելի շենքում: Մահացել է 4 մարդ, նրանց թվում 4-ամյա տղա: Տուժել է 8 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են: Վրաստանի ՆԳն-ն սկսել է պայթյունի հետաքննությունը: Գերատեսչությունը նշում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է  ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարաել, ամբողջ երկրի տարածքում վարչական շենքերում ազգային դրոշները իջեցված են:

Թբիլիսիի քաղաքապետարանը խոստացել է շենքից բոլոր տարհանվածներին կացարանով ապահովել:

Լրագրողների հետ զրույցում տեղացիները նշում են, որ ամբողջ օրը տներում գազի հոտ են զգացել, ինչի պատճառով կանչել են «Կազտրանսգազ» գազաբաշխիչ ընկերության մասնագետներին:

Բնակիչները նշում են, որ մասնագետները զննել են շենքը, սակայն ոչինչ չհայտնաբերելով, հեռացել են:

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Փիրալիշվիլի ընտանիքի բնակարանում՝ 6-րդ հարկում: Լուսանկարիչները կարողացել են նկարել, թե ինչպես է հայրը գրկել փոքրիկ աղջկան, որը անգիտակից է ու ստուգում է նրա սրտի աշխատանքը:

«Աղջիկը, ում նկարը ցնցել է սոցցանցերը, ողջ է, բայց ծանր վիճակում գտնվում է Իաշվիլիի մանկական կլինիկայում:  Ծանր վիճակում է նաեւ նրա անչափահաս քույրը:

Աղջիկների եղբայրը քիչ առաջ մահացել է Իմեդի կլինիկայում, գրում է գործակալությունը՝ հղում անելով հիվանդանոցների մամուլի ծառայությանը:

Գործակալությունը նաեւ նշում է, որ մահացածների թվում է երեխաների մայրը, վիրավորվել է կնոջ քույրը, որը նույնպես հոսպիտալացվել է: