Բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակվում է ձմեռային զորակոչը, եւ զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերը հանրության ուշադրության կենտրոնում են:

Գայանե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ բժշկական ծառայությունը բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները հետաձգում ստանան կամ ազատվեն: «Որովհետեւ բանակի համար կարեւոր է յուրաքանչյուր զինվորի վիճակը»,- շեշտեց վարչության պետը:

Կենտրոնական հավաքակայանում բուժհանձնաժողովը ստեղծվում է պաշտպանության նախարարի հրամանով, իսկ դրա կազմի մեջ են մտնում տարբեր ճյուղերի մասնագետներ: Նրանք զորակոչիկների զտում են կատարում: Եթե զորակոչիկների մոտ հայտնաբերվում են որեւիցե վիրուսային, արագ բուժվող հիվանդություններ, նրանք ուղարկվում են հոսպիտալ բուժում ստանալու, այնուհետեւ առողջանալուց հետո՝ ծառայության վայր: Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին մեծացել է ողնաշարի խնդիրներով, ալերգիայով, տեսողության խնդիրներով, սիրտ-անոթային հիվանդություններով զորակոչիկների թիվը:

«Մենք պատրաստ ենք սեզոնային հիվանդություններին: Դրա համար նաեւ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, մինչեւ զորակոչը ապագա զինվորները գրիպի դեմ պատվաստումներ են ստանում»,- շեշտեց Գայանե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս հոսպիտալներում են ջրծաղիկով 32 հիվանդներ, կան թոքաբորբի մի քանի դեպքեր:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը նշեց, որ զորակոչիկների որոշակի տոկոսը հիվանդություններ ունի, նման զորակոչիկների մի մասը կրում է որոշակի սահմանափակումներով ծառայություն: Օհանյանը նշեց, որ բոլոր սահմանափակումներին հստակ հետեւում են: