Brexit-ի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակի միակ ելքը նոր հանրաքվեի անցկացումն է Մեծ Բրիտանիայում, համոզված է երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007թթ.), որը շաբաթ հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Թերեզա Մեյի համաձայնությունը, որ ձեռք է բերել Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջ, երբեք չի անցնի խորհրդարանում, այլընտրանքային ծրագիրը բավականաչափ սատարում չունի եւ գրեթե անհնար է «կոշտ Brexit»-ը, որովհետեւ խորհրդարանը կառարկի։ Նոր հանրաքվեն միակ ելքն է փակուղուց»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա կարծում է, որ եթե Եվրոպան չընդառաջի Լոնդոնի դիրքորոշման փոփոխությանը, ապա վիթխարի սխալ կգործի։
«Եվրոպան պետք է միասնություն պահպանի, որովհետեւ համաշխարհային իրավիճակը փոխվում է. Չինաստանը հզորանում է, Ամերիկայից ուրիշ քամիներ են փչում, եւ տրանսատլանտյան առանցքը թուլանում է։ Եթե եվրոպական երկրներն ուզում են ի վիճակի լինել պաշտպանել իրենց սեփական շահերը, հիմա ավելի քան միասնություն է անհրաժեշտ»,- ասել է Բլերը։ Ընդ որում՝ նա խոստովանել է, որ որոշ եվրոպացի առաջնորդներ հույս ունեն, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա։
Նրա կարծիքով՝ կրկնակի հանրաքվեն, ի տարբերություն առաջինի, որը պառակտեց բրիտանական հասարակությունը, կնպաստի բրիտանացիների միավորմանը։ «Հիմա բրիտանացիները գիտեն շատ ավելին Brexit-ի մասին, եւ երկրորդ հանրաքվեն վերջին խոսքը կլիներ»,- կարծում է նախկին վարչապետը։ Նա նաեւ երկյուղներ ունի, որ ցանկացած Brexit-ի կողմնակից սպառնալիքի տակ է դնում Միացյալ Թագավորության գոյությունն իսկ իր ներկայիս տեսքով (այն դեպքում, երբ Հյուսիսային Իռլանդիայում բնակիչների մեծ մասը կողմ է եղել ԵՄ-ին երկրի անդամակցությանը)։
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեքշաբթի օրը մերժել են ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծը Brexit-ի պայմանների մասին։ Պատմական քվեարկության ժամանակ 432 խորհրդարանական դեմ է արտահայտվել անցած տարվա նոյեմբերին Լոնդոնի ու Բրյուսելի հավանությանն արժանացած համաձայնագրին։ Ուժի մեջ մտնելու համար Brexit-ի գործարքը պետք է արժանանա բրիտանական օրենսդիրների հավանությանը, ինչպես նաեւ վավերացվի ԵՄ բոլոր երկրների կողմից։ Brexit-ը նախատեսված է 2019թ. մարտի 29-ին, ինչից հետո, համաձայն պլանի, անցումային շրջանն է սկսվելու, որը կտեւի մինչեև 2020թ. վերջ։





























