Հայաստանը մշտապես կարեւորել է Եվրամիության հետ փոխգործակցությունը, իսկ   Արեւելյան գործընկերության մեկնարկով Հայաստանի եւ  ԵՄ-ի միջեւ դինամիկ կերպով զարգացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ: Սեմնեբին Հայաստան է ժամանել իր լիազորությունների ժամկետը ավարտվելու կապակցությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պիտեր Սեմնեբին կարեւոր ձեռքբերում է համարել Եվրամիության ներսում Հայաստանի մասին տեղեկացվածության  բարձրացումը, ինչպես նաեւ ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, ինչը  նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության  կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: