ԱՄՆ Պետքարտուղարությունը Կարակասում ԱՄՆ դեսպանատան մի շարք աշխատակիցների հրահանգել է Վենեսուելան լքել: Դրանից բացի, ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնք հիմա գտնվում են անկարգություններով ընդգրկված երկրում, խորհուրդ է տրվում Վենեսուելայից հեռանալ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի հայտարարել էր Վաշինգթոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին եւ Կարակասում բոլոր ամերիկացի դիվանագետներին երկրից հեռանալու համար 3 օր ժամանակ էր տվել: Մադուրոն այս մասին հայտարարել էր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել էր Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար:

Կարակասում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է, որ դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին, որոնք      արտակարգ գործառույթներ չեն կատարում, հրահանգվում է Վենեսուելան լքել: Դրանից բացի, ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում այդ երկրից հեռանալ, քանի դեռ վենեսուելական օդանավակայաններից հնարավոր է թռչել արտասահմանյան կոմերցիոն ավիաչվերթներով:

Կարակասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների որոշ աշխատակիցների տարհանման հետ կապված իրավիճակը մեկնաբանելով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «նախկին նախագահ Մադուրոն գիտի, որ [Վենեսուելայում] մեր մնալու կամ չմնալու վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունք չունի»:

Նա շեշտել է, որ «նոր ժամանակավոր նախագահ Գուայդոն մեզ խնդրել է դիվանագետների թողնել (դեսպանատանը)»: Պոմպեոյի խոսքով՝ այս պատճառով խոսք չի գնում դեսպանատան ամբողջական փակման եւ Վենեսուելայից բոլոր դիվանագետների տարհանման մասին: «Մենք մշտապես, օրվա 24 ժամին եւ շաբաթվա 7 օրերին գնահատում ենք (ամերիկացի դիվանագետների) անվտանգությունը: Պետքարտուղարության համար չկա ավելի մեծ առաջնայնություն, քան մեր դիվանագիտական առաքելությունների բոլոր աշխատակիցների անվտանգությունը: Եվ մենք Մադուրոյի ռեժիմին հստակ հասկացրել ենք՝ հույս ունենք, որ նրանք (դիվանագետները) վտանգի չեն ենթարկվի»,- շեշտել է Պոմպեոն: