Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը եւ որակական նոր մակարդակի կբարձրացնի փոխշահավետ համագործակցությունը:

Հանրապետության նախագահը եւ դեսպան Շտայնմանն առանձնահատուկ ընդգծել են Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում եւ կամրջող դերը երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: