Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատար ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հեռախոսազրույցից հետո, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։
Ինչպես պարբերականին ասել է բարձրաստիճան աղբյուրը Վաշինգտոնից, Փենսը զանգահարել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Գուայդոյին եւ հայտնել ԱՄՆ աջակցությունը, եթե նա Վենեսուելայի սահմանադրության վրա հենվելով՝ իրեն նախագահի պաշտոնակատար հռչակի, պետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյից վերցնելով երկրի կառավարման սանձերը, ասել է պարբերականի զրուցակիցը։
«Այդ գիշերային զանգը գործողության մեջ է դրել գաղտնի պլանը, որը մշակվել էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում եւ ուղեկցվել բանակցություններով ամերիկյան պաշտոնատար անձանց, դաշնակիցների, օրենսդիրների ու վենեսուելական ընդդիմության առանցքային դեմքերի հետ, ներառյալ Գուայդոն ինքը»,- գրում է թերթը։




























