Միացյալ Նահանգներում անօրինական կացություն հաստատած մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ նախորդ շաբաթ հեռացվել են աշխատանքից Վեստչեսթեր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբից, հաղորդում է The Washington Post թերթը:
Ազատված միգրանտները պարբերականին պատմել են, որ գոլֆ-ակումբի վարչակազմը վերջերս ստուգել է իրենց փաստաթղթերը եւ պարզել, որ դրանք կեղծ են: Նրանք այդ փաստաթղթերը ներկայացրել էին դեռեւս մեկ տարի առաջ: Թերթը նշում է նաեւ, որ ազատված միգրանտներն այդ կազմակերպությունում աշխատում էին բավականին երկար ժամանակ:
Այսպես, նրանցից մեկը զբաղվում էր գոլֆ-ակումբի տարածքում տեխնիկական աշխատանքով շուրջ 15 տարի: Բացի այդ, աշխատակիցներից մեկին վստահվել էր պահել այդ տեղանքում նախագահի որդու՝ Էրիկի առանձնատան բանալիները: Նրանցից շատերը նաեւ պարգեւատրվում էին լավ կատարած աշխատանքի դիմաց:
Թրամփը 2017 թվականի հունվարին Սպիտակ տուն գալուն պես փորձում էր կատարել իր նախընտրական խոստումները՝ խստացնել միգրացիոն քաղաքականությունն ու ուժեղացնել վերահսկողությունը, հատկապես, հարավային սահմանին: Երկրի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ անօրինական միգրանտները «հանցագործներ» են, որոնց անհրաժեշտ է հայտնաբերել եւ արտաքսել: Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մասին հրամանը նա ստորագրել էր երդմնակալությունից հետո հինգերորդ օրը, սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռեւս չի հատկացրել դրա համար անհրաժեշտ միջոցները:




























