Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը հայտարարել է, որ «Թալիբան» կազմակերպության հետ բանակցություններում նկատվել է «զգալի առաջընթաց», հաղորդում է Sky News-ը՝ հղում կատարելով հատուկ բանագնացի թվիթերյան գրառմանը:

Կողմերի միջեւ բանակցությունների նպատակն է վերջ դնել Աֆղանստանում 17 տարվա պատերազմին:

Հալիլզադը հայտնել է, որ ուղեւորվել է Աֆղանստան Քաթարում 6-օրյա բանակցություններից հետո քննարկումները շարունակելու համար:

«Հանդիպումները շատ ավելի այդնունավետ էին, քան նախկինում: Մենք գրանցեցինք զգալի առաջընթաց կենսական կարեւորություն ունեցող հարցերում»,-իր գրառման մեջ նշել է նա:

Ընդ որում՝ Հալիլզադը հավելել է, որ դեռ ոչինչ համաձայնեցված չէ, եւ դեռեւս անհրաժեշտ է քննարկել մի շարք հարցեր: