Հայտնի գրական Բուքերյան մրցանակի կազմակերպիչները ստիպված են փնտրել նոր հովանավոր, երբ  Man Group ընկերությունը, որը ֆինանսավորում էր մրցանակը 2002 թվականից սկսած, դադարցրել է համագործակցությունը, հաղորդում է Sky News-ը:

Ընկերությունը, որը 2002 թվականից սկսած ներդրել է հեղինակավոր մրցանակի մեջ 25 մլն ֆունտ, հայտարարել է, որ 2019 թվականը համագործակցության վերջին տարին է:

Բուքերյան մրցանակի հիմնադրամը հայտարարել է, որ ներկայումս հիմնադրամի վստահված անձինք բանակցում են մրցանակի հնարավոր ներդրողների հետ եւ վստահ են, որ 2020 թվականին այդ հարցը կլուծվի:

Այդ նշանակալի համագործակցությունը դադարեցնելու պատճառները չեն հաղորդվում:

Բուքերյան մրցանակն աշխարհում ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է: Մինչեւ 2013 թվականը պարգեւատրում էին Ազգերի համագործակցության երկրներից մեկում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում բնակվող հեղինակներին անգլերեն վեպի համար: 2014 թվականից սկսած՝ մրցանակը  տրվում է անգլերեն վեպի համար՝ անկախ հեղինակի քաղաքացիությունից: Հաղթողը ստանում է 50 հազար ֆունտ ստերլինգ: