Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կալանավորված գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի փաստաբանը Վերաքննիչ բողոք կներկայացնի նրա երկու ամսով կալանավորման դեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Տեր- Հովակիմյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը։
«Հիմա աշխատում եմ այդ դիմումի վրա եւ երկու օրից այն կներկայացնեմ Վերաքննիչ դատարան։ Անցած տարվա հունիսի 8-ից նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նա միշտ ներկայացել է նախաքննական մարմնին, երբեք չի խուսափել, չգիտես ինչի հունվարի 24-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին։ Նախաքննական մարմինը կարելի է ասել՝ քմահաճ որոշում է կայացնում։ Լրացուցիչ նոր մեղադրանք են առաջադրում ՔՕ 190-րդ հոդվածով, այսինքն՝ փողերի լվացում եւ իրենց հիմնավորմամբ դա բավական հիմք է, որ նրան կալանավորեն»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանի կարծիքով՝ իր պաշտպանյալին սխալ մեղադրանք է առաջադրվել, որը նույնպես իրենք բողոքարկել են։
«Իրեն փողերի լվացման հոդվածով մեղադրանք են առաջադրում , որի հետ ինքը բացարձակապես կապ չունի։ Նա իր անունով գումարներ է վերցրել, որը կոչվում է չարաշահում, բոլոր փաստաթղթերը հաշվապահությունում կան։ Կարծես թե այս ամենը արվում է հասարակությունում տրամադրություններ ստեղծելու, գրգռելու համար։ Տնօրենի այս գործողությունների համար կա հստակ հոդված՝ չարաշահում։ Մի բան էլ ավել մեղադրանք են առաջադրել իմ պաշտպանյալին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ փողերի լվացումը գաղտնի է լինում, այլ ոչ բացահայտ ինչպես իր պաշտպանյալի պարագայում է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին՝ Ա.Տ.Հ.-ին, մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Հունվարի 25-ին դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:



























