Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատատեղերում գենդերային հավասարության առաջընթացի բոլոր անվանակարգերում մրցանակակիրները տղամարդիկ են դարձել՝ հայտնում է Mirror-ը։
Երկրի վարչապետ եւ փոխնախագահ Մուհամմեդ Իբն Ռաշիդ Ալ Մակտումը մրցանակներ է հանձնել «գենդերային հավասարությանը սատարող լավագույն կառավարական կազմակերպություն», «գենդերային հավասարությանը սատարող լավագույն դաշնային հաստատություն» եւ «գենդերային հավասարության սատարմանն ուղղված լավագույն նախաձեռնություն» եւ այլ անվանակարգերում հաղթողներին։
ԱԳ նախարար Սաիֆ Իբն Զայեդ Ալ Նախիանը մրցանակ է ստացել՝ դառնալով գենդերային հավասարության համար ամենաակտիվ պայքարող։ Նա դրան արժանացել է այն բանի համար, որ ԱՄԷ-ի բանակում երեխայի խնամքի համար արձակուրդ է մտցրել։
Դուբայի մամուլի ծառայությունում հայտնել են, որ հպարտանում են էմիրաթցի կանանց հաջողություններով եւ նրանով, թե ինչ դեր են նրանք խաղում երկրի ապագայի կառուցման գործում։
Հոկտեմբերին ԱՄԷ-ում մի կնոջ դատապարտել էին երեք ամսվա ազատազրկման այն բանի համար, որ նա առանց թույլտվության նայել էր իր ամուսնու հեռախոսի մեջ եւ ծիծաղել իր տեսածի վրա։



























