Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին է դիմել կալանավորված անձի փաստաբանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ԱՀ բուժհաստատություններից մեկում եւ միայնակ ի վիճակի չէ ո՛չ տեղաշարժվելու, ո՛չ էլ հոգալու իր կենցաղային եւ բնական պահանջները: Փաստաբանը ներկայացրել է նաեւ, որ քանի որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելվել է մերձավոր ազգականների տեսակցությունը, առկա պայմաններում գրեթե անհնարին է դարձել իր պաշտպանյալի պահման հիգիենիկ պայմանների ու անձնական խնամքի ապահովումը:

Փաստաբանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը՝ կալանավորի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում:

Մարդու իրավունքների պաշտպան Ա. Բեգլարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան մասնագետն այցելել է կալանավորին, հետաքրքրվել բուժսպասարկման եւ պահման պայմաններով: Առանձնազրույցի ընթացքում կալանավորը հայտնել է, որ ընդհանուր առմամբ գոհ է առկա պայմաններից, այնուամենայնիվ խնդրել է Պաշտպանի միջնորդությունը, որպեսզի իր առողջական վիճակով պայմանավորված, հիգիենիկ պայմաններն ու անձնական խնամքն ապահովելու համար, իր կնոջը թույլատրվի  կարճ ժամանակով այցելություններ կատարելու իրեն:

Նշված խնդիրը բարձրացնելուց հետո Պաշտպանին պետական լիազոր մարմնից հայտնել են, որ այն դրական լուծում է ստացել:

Կարեւորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանության իրավունքի) պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գոհունակություն է հայտնում պետական լիազոր մարմինների հետ զարգացող համագործակցության առթիվ: Պաշտպանը միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակվի եւ ընդունվի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ԱՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված՝ ազատությունից զրկված անձանց բուժսպասարկումը եւ դրան առնչվող աշխատանքները կազմակերպելու կարգը, ինչի շնորհիվ զգալիորեն կբացառվեն մարդու իրավունքների հնարավոր խախտումներն այդ բնագավառում: