Անարդարացի է, երբ պաշտոնյան, որը հեկտարը քառակուսի մետրից չի տարբերում, աշխատավարձի 105 տոկոսի չափով պարգեւավճար է ստանում, իսկ ԱԻՆ աշխատակիցները, որոնք իրենց կյանքն են վտանգում, 30 տոկոսի չափով: Հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով պաշտոնյաներին խոշոր պարգեւավճարներ տալու մասին հարցին:
Նրա համոզմամբ՝ ժամանակ կգա, երբ բոլորը կհիշեն Սերժ Սարգսյանի նախագահության տարիների մասին: «Սա վերաբերում է լրատվամիջոցների ազատության մակարդակին, արտաքին քաղաքականության հարցերին եւ տնտեսական իրավիճակին: Դրանից բացի, հարկ է հասկանալ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքականությունից չի հեռացել, նա մեր կուսակցության ղեկավարն է»,- հավելեց ՀՀԿ ներկայացուցիչը:
Անդրադառնալով դպրոցներից մեկում հոգեւորականի հայտնվելու պատճառով միջադեպին եւ դրան հաջորդած կրթության եւ գիտության նախարարի հայտարարությանը՝ ՀՀԿ մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Վարդան Մամիկոնյանի հավաքական կերպարը եւ հոգեւոր բաղադրիչը հայ ժողովրդի կրթության անքակտելի մասն են, եւ ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարելու ավանդական արժեքների նկատմամբ:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է իր դիրքորոշումը ԱԱԾ եւ Ոստիկանության կարգավիճակի վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը, ինչպես եւ նախկինում, կարծում է, որ այս մարմինները պետք է գտնվեն գործադիր իշխանության ղեկավարի անմիջական ենթակայության տակ, սակայն նրանց չպետք է օգտագործել քաղաքական վրեժ իրականացնելու համար:





























