Հայաստանի ոստիկանությունում ՃՏՊ-ների թվի ավելացումը բացատրում են երկրում ավտոմեքենաների թվաքանակի աճով: Նշենք, որ բոլոր նախորդ տարիներին, անկախ գրանցված ՃՏՊ-ների թվից եւ դրանց պատճառներից, վթարների թվի աճը դարձյալ հիմնավորվում էր մեքենաների թվի աճով։

Ինչպես հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, 2018-ին իսկապես արձանագրվել է ՃՏՊ-ների թվի աճ եւ զոհվածների եւ վիրավորների քանակի աճ: «Անչափ շատ մեքենաներ են ներկրվել: 2018-ին ներկրվել է  73 562 ավտոմեքենա, 2017-ին՝ դրա կեսը: 2019 թվականին մենք կրկին սպասում ենք մեծ թվի: Միայն 2020 թվականից ակնկալվում է հոսքի նվազում», - նշել է Ղուկասյանը: Նա ավելացրել է, որ ոստիկանությունը մեծ հույսեր է կապում բալային համակարգի ներդրման հետ: Դա թույլ կտա բացահայտել եւ պատժել անկարգ վարորդներին՝ ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը:

Նշենք, որ չնայած ոստիկանության շտաբի պետը խոսք անգամ չասաց ավելի վաղ անցկացված համաներման ազդեցության մասին, որի շրջանակներում ահռելի չափով պարտքեր չվճարած վարորդներին պարտքը ներվեց, որոշ վարորդներ դա ընդունեցին որպես ամենատարբեր խախտումների համար «կանաչ լույս», եւ մայրաքաղաքային ճանապարհներին իրավիճակը վատթարացավ։