Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 վիրավորներից երկուսը վիրահատվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 30-ին, տեղեկացրեց ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը. «Վիրավորները երեկվանից դինամիկ հսկողության տակ են գտնվում, նրանց վիճակները կայուն են, վիճակի վատացում չունենք»:

Նա ասաց, որ կատարվել է կրծքավանդակի, որովայնի եւ ոտքի վիրահատություն:

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։  Գործի շրջանակներում  ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ։ Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է Մելիք Մանուկյանին։