Վայոց Ձորի մարզում, հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։45-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի 20 շենքի տանիքից սառցապատ թիթեղն ու մետաղաձողերը պոկվել եւ ընկել են ցած՝ վնասելով բակում կայանված ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն նյութական վնաս են կրել Infiniti մակնիշի 31 VV 777 համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Էդգար Գ.-ն եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 33 OV 816 համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Օնիկ Ե.-ն:
Էդգար Գ.-ն պատմել է հետեւյալը. «Երեխուն էի տանում մանկապարտեզ, ժամը 8.45-ին ես եղել եմ 2-րդ հարկում, ու սառույցը ընկել է։ 20 վայրկյանի տարբերությամբ մենք փրկվել ենք։ Ավտոմեքենան էլ շենքից կայանված ա եղել 15 մետր հեռավորության վրա։ Բակում էլ այդ ժամին երեխաներ են եղել եւ երեխաները դպրոց գնալիս են եղել ու անցնելիս են եղել այդ ճանապարհով ու վայրկյաններ անց սառույցն ընկել է»:
Դեպքի վայր են ժամանել Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակիցները, ծանոթացել իրավիճակին, սակայն կոնկրետ որեւէ բան չեն ասել:
































