Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ընդունված որոշումները պետք է դիտարկել ժամանակի եւ պայմանների համատեքստում: «Նոր ավարտված պատերազմ, մեծ տերությունների կողմից ճնշումներ, այլ աշխարհաքաղաքական իրադրություն: Այդ ժամանակ ընդունված բոլոր որոշումները պետք է դիտարկել ժամանակի համատեսքտում: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ համեմատությունն անցկացվում է առաջին նախագահին հանդիմանելու եւ այսօր ընթացող գործընթացներից դժգոհությունն արտահայտելու համար»,- նշեց նա:

Փորձագետի պարզաբանմամբ՝ Հայաստանի առաջին նախագահի օրոք պաշտոններ զբաղեցրած մարդկանց ներգրավման հետ կապված կադրային քաղաքականությունը չպետք է զարմացնի՝ հաշվի առնելով այն, որ այսօր պետական կառավարման համակարգում սով է դիտվում: «Էյֆորիան անցել է, հիմա բոլորը իրական արդյունքներ են սպասում: Սրանով է պայմանավորված իշխող քաղաքական վերնախավի վարկանիշի անկումը: Այս գործոնը փորձում են փոխհատուցել նոր նշանակումներով»,- հավելեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով մարտի 1-ի գործին՝ նա պարզաբանեց, որ այն, ամենայն հավանականությամբ, մշտապես կմնա «մինչեւ վերջ չքննված»՝ իր քաղաքականացվածության պատճառով: «Այդ իրադարձություններին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սա չպետք է մոռանալ, չպետք է մոռանալ, թե այդ ժամանակ նա ում կողմում էր հանդես գալիս»,- շեշտեց քաղաքագետը:

Ի պատասխան Երեւանի եւ Ստեփանակերտի հարաբերությունների մասին հարցին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ նրանց դիրքորոշումները ոչ միշտ են համընկել: «Օրինակ կարող է ծառայել Երեւանի այն ձեւակերպումը, որ չի պատրաստվում հողի ոչ մի սանտիմետր զիջել: Այն պաշտոնապես առաջ քաշվեց միայն 2016 թվականի ապրիլից հետո, մինչդեռ Ղարաբաղը միշտ է այդ դիրքերից հանդես եկել»,- եզրափակեց նա: