Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին սպասարկող հաշվապահների 70 տոկոսն աշխատում է ստվերում: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Հարկային նոր օրենսգրքի դրույթների քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:

Անդրադառնալով Հարկային օրենգրքի դրույթին, որը վերաբերում է իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատվական ընկերություններին շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակմանը, Համբարձումյանն ասաց. «Երբ հաշվապահների ասոցիացիային ասում ենք՝ պետք է աշխատեք հայտարարագրելով բոլոր պայմանագրերը, նրանք տարակուսում են: Մենք այս խնդիրը փորձե՞լ ենք լուծել: Եթե մենք այդ 70 տոկոսին դեռ ստվերից չենք կարողանում հանել, բերել սպիտակ դաշտ, որքանով է ճիշտ այնպես անել, որ մյուսները գնան ստվեր: Սա շանտաժ չէ»:

Նա հարց ուղղեց պատկան մարմիններին, թե արդյոք կա հաշվարկված, թե որքան են կազմելու իրավաբանների, հաշվապահների եկամուտները:

Համբարձումյանն ընդգծեց, որ հաշվապահներն ու իրավաբանները ավելի բարեխիղճ վարգագիծ կդրսեւորեն, քան այլ ոլորտներում ներգրավվածները, օրինակ, կառուցապատողների դեպքում: