Իրավաբանների ու հաշվապահների ծառայությունները շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակումը կավելացնի ծառայությունների գները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Հարկային նոր օրենսգրքի դրույթների քննարկման ժամանակ նշեց Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նրա խոսքով, ընդ որում, ծառայությունները թանկանալու են ոչ թե մատուցողների համար, այլ հաճախորդների, վստահորդների համար. «Մարդիկ, որոնք դիմում էին մասնավոր փաստաբանի եւ իրավաբանի ծառայություններից օգտվելու համար, զրկվելու են այդ հնարավորությունից, քանի որ դրանք այլեւս մատչելի չեն լինի:
Մյուս հարցը փաստաբանության ավանդույթների հետ է կապված. Երբ շատ փաստաբաններ նաեւ անվճար ծառայություններ են մատուցում: Իսդկ եթե անցնեն ԱԱՀ դաշտ, չնայած ծառայությունը կմատուցվի անվճար, սակայն փաստաբանները պետք է ԱԱՀ վճարեն»,-ասաց նա:
Մյուս խնդիրը, ըստ Զադոյանի, կապված է խտրականության հետ. «ինչու են հենց թիրախավորվում իրավաբանները, փաստաբանները, հաշվապահներն ու խորհրդատուները, եւ ոչ առեւտրային այլ գործունեություն իրականացնողները: Երեւի որպես հիմնավորում կասվի, որ այստեղ շահութաբերությունը բարձր է: Բայց եթե մարդիկ կարողանում են իրենց ուղեղի հաշվին հավելյալ արժեք ստեղծել, դա պետության կողմից պետք է խրախուսվի:
Մյուս ռիսկը կապված է անհավասար պայմանների ստեղծման հետ. փաստացի, հաշվապահները, փաստաբանները, իրավաբանները չեն դիմանալու մեծ բիզնեսի հետ մրցակցությանը, քանի որ մեծ բիզնեսն ունի ծախսագրման հաշվանցման իր համակարգը: Նման դեպքում իմ նշած անձինք կամ պետք է դուրս կղվեն խաղից, կամ պետք է միավորվեն, խոշոր ընկերություններ ստեղծեն, որ դիմանան մրցակցությանը, կամ անցնեն ստվեր»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե հաշվարկ արվեր, պարզ կդառնար, որ օրինակ փաստաբանների տարեկան եկամուտները հանգիստ տեղավորվում են միկրոբիզնեսի շրջանակներում:





























