Ղարաբաղը չպետք է խնդրի, որ իրեն թույլ տան մասնակցել բանակցային գործընթացին: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը՝ որպես հաղթող, չպետք է խնդրի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, նա պետք է ներողության սպասի եւ հայոց ցեղասպանության համար փոխահատուցմանը, ինչպես նաեւ որ Բաքուն խնդրի Ստեփանակերտին իր հետ բանակցային սեղանի շուրջ նստել:
«Քանի դեռ Ղարաբաղը բանակցային գործընթացի ակտիվ մասնակից չէ, բանակցություններ, ըստ էության, չկան», - վստահ է նա:
Հարցին, արդյոք դա չի հանգեցնի ռազմական գործողությունների, փորձագետը նշեց, որ Բաքվի կողմից նման հայտարարություններն ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում եւ ըստ ամենայնի նախատեսված են ներքին լսարանի համար:
«Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառի այն բանից հետո, երբ երկու անգամ համոզվել է, որ դա նրա ուժերից վեր է», - հավելեց Մանասյանը:
Նա ընդգծեց, որ մտահոգություն է առաջացնում, ըստ էության Հայաստանի լռությունը Բաքվի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանների շրջանակում տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման մասին հայտարարությունների վերաբերյալ:
«Երեւանը պատշաճ չի արձագանքում նման հայտարարություններին, հաշվի առնելով, որ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանի հասկացությունը քաղաքական է, այլ ոչ թե իրավական եւ կարող է փոփոխվել՝ ելնելով քաղաքական իրադրությունից», - ասաց Մանասյանը:
Անդրադառնալով Նախիջեւանի տարածքում թուրքական բազայի տեղակայման հարցին, նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ պետք է իր տեսակետը հնչեցնի ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը:
«Հաշվի առնելով, որ Նախիջեւանի տարածքում ռազմական կազմավորումների տեղակայման մասով Կարսի պայմանագիրը ստորագրել է եւ Հայաստանը եւ Ռուսաստանը, տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի նաեւ Մոսկվան», - ասաց քաղաքագետը:





























