ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ելենա Սուկմանովային:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլք:
Նախարար Զեյնալյանը, ողջունելով գործընկերոջը, բարձր է գնահատել իրավական ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության ներկայիս մակարդակը եւ նշել, որ այն զարգացնելու մեծ ներուժ ու հնարավորություն կա:
Ելենա Սուկմանովան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել վերանշանակման կապակցությամբ եւ իրակավական ոլորտում ուկրաինական լավագույն փորձը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել: Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է իր երկրի դատաիրավական ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված կառույցների գործառույթներին ու դրանց արդյունքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, քրեակատարողական եւ պրոբացիոն ոլորտների բարեփոխումներին, հանցագործությունների կանխարգելմանն ու դատական ակտերի կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված նոր համաձայնագրի մշակման պայմանավորվածություն են ձեռքբերել:





























