Հայաստանում գիտության ոլորտը աղետալի վիճակում է: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն ֆինանսավորման պակասի, այլեւ աշխատանքի կազմակերպման եւ կադրային քաղաքականության մեջ է:
«Կադրերի ընտրության հստակ չափանիշներ չկան, չկա մրցույթ: Երիտասարդ մասնագետները, որոնք կարող են նորություն մտցնել երկրի տնտեսությունում, չեն ներգրավվում պետական կառավարման համակարգում»,-նշեց նա:
Մանասերյանն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը չի տա այն արդյունքը, որի մասին խոսվում է, քանի դեռ կադրային քաղաքականությունն իրականացվում է պատահական ընտրության չափանիշով:
«Կոռուպցիան ոչ միայն կաշառքն է, դա նաեւ ոչ գրագետ կադրային քաղաքականությունն է: Դրա արդյունքում մենք ունենք մարդկանց պարգեւավճարներ տալու դեպքեր, որոնք դրանք ստացել են նրա համար, որ սուրճ են խմել:
Ես դեմ չեմ պարգեւավճարներին, սակայն անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետության չափանիշներ մշակել եւ դրա հիման վրա պարգեւավճարներ բաշխել», - նշեց նա:
Փորձագետի գնահատմամբ՝ միակ բացառությունը Կենտրոնական բանկն է, որտեղ չկան պատահական մարդիկ, ինչի արդյունքում էլ այս մարմնի աշխատանքը լավ արդյունքներ է ունենում:
«Վերաֆինանսավորման դրույքի 0,25 տոկոսով նվազեցումը ԿԲ-ի գրագետ գործողությունների արդյունք է եւ լավ ուղերձ երկրի ներսում պոտենցիալ ներդրողների համար: Դա թույլ կտա երկրի տնտեսությունում ֆինանսական ռեսուրսներ ներդնել: Սակայն միայն Կենտրոնական բանկի ջանքերը բավարար չեն, օրինակ, գնաճի դեմ պայքարում: Անհրաժեշտ է այլ նախարարությունների համակարգված աշխատանքը », - եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:





























