Հայաստանում տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է եւ պետք է շարունակվի ու տա սպասելի արդյունքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն ժամանակ, երբ կառավարությունն ու վարչապետը հաստատել են, որ այսուհետ բոլորը ազատ են իրենց գաղափարների ու ծրագրերի իրագործման հարցում, իսկ կառավարությունը պատրաստ է օժանդակել, որ դրանք առանց խոչընդոտների իրականացվեն։ Հիսկ հեղափոխությունը չպետք է ավարտվի, այն պետք է շարունակելի եւ տա սպասելի արդյունք»,–նշեց նա։
Նախարարն անդրադարձավ նաեւ ներդրումային ակտիվությանը՝ նշելով, որ Հայաստանում այժմ հաստատվել է ներդրումների համար նպաստավոր միջավայր. «Ներդրումները կայունություն են սիրում եւ հիմա կա այդ կայունությունը։ Ես կարծում եմ, որ դա շատ նպաստավոր է լինելու առաջիկա ամիսներին նոր ծրագրերի առաջխաղացման հարցում»։
Տիգրան Խաչատրյանը հավելեց նաեւ՝ ներդրումները ժամանակ են պահանջում. «Այսինքն ցանկացած ներդրումային նախաձեռնություն քննարկման պահից մինչեւ իրականացման ավարտի պահն անցնում է որոշակի ճանապարհ, դրանք շատ տարբեր փուլերում են գտնվում, ունեն շատ առանձնահատկություններ, որոնք առանձին դեպքերում վերաբերում են կառավարության անելիքներին։ Դուք հավանաբար հետեւում եք կառավարության նիստերի օրակարգին եւ տեսնում եք, որ չեն լինում նիստեր, որ 2-3 ներդրումային ծրագիր չքննարկվի եւ դրանք չաջակցվեն, մաքսատուրքերից ազատման կամ ԱԱՀ–ից հետաձգման արտոնություններից»։
Ներդրողների ակտիվության առումով նախարարը վստահ է, որ ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է. «Երկու բան կա՝ մակրո թվերը, որոնք գալիս են վիճակագրական ծառայությունների հրապարակումներից, մյուսն այն տեղեկություններն են, որոնք նախարարությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի առնչությամբ, եւ այս երկուսն էլ վկայում են, որ ներդրումային հետաքրքրությունը շարունակում է լինել բարձր, առաջիկայում լինելու է ավելի բարձր»,–եզրափակեց նա։





























