ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին եւ ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները:
Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կիրառվող մեխանիզմների հնարավոր տարբերակները, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նախընտրել է գնալ առավել հավաստի տվյալներ հրապարակելու ճանապահով, եւ նախատեսվող մեխանիզմի ներդրմամբ ոչ միայն հրապարակվելու են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա սեփականատերերի տվյալները, այլեւ իրավաբանական անձի գրանցման ներկայացված տվայալների հավաստիությունը ստուգվելու է նախքան գրանցում իրականացնելը, ապա եւ նոր՝ հրապարակվելու:
Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաեւ, որ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները առաջին փուլում վերաբերելի են լինելու մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին, սակայն ստեղծվող իրական սեփականատերերի տվյալների շտեմարանը ունիվերսալ է լինելու եւ օրենքի հիման վրա կարող է ընդգրկել նաեւ այլ ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:
Արձագանքելով փոխնախարարին՝ ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ այդպիսով Հայաստանը կունենա իրական սեփականատերերի բացահայտման լավագույն մեխանիզմներից մեկը տարածաշրջանում:
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաեւ հակակոռուպցիոն անկախ մարմնի ձեւավորման, շահերի բախման հայտարարագրման, անանուն ազդարարման հարթակի եւ մի շարք այլ թվային գործիքների ընձեռած հնարավորությունների համակցմամբ իրական սեփականատերերի բացահայտման հարթակի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրան տեխնիկական եւ իրավական օգնության պատրաստակամություն է հայտնել իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքներին:





























