Ներքին կապիտալի շուկայի զարգացումը այլընտրանքային հնարավորություն է բոլոր մասնակիցների համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա համաձայնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն մտքի հետ, թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հնարավոր է միայն արժեթղթերի շուկա ձեւավորելով, այսինքն՝ հայկական տեղական բիզնեսները պետք է ֆոնդային բորսա ունենան եւ այն ժամանակ հնարավոր կլինի ունենալ արդարացի, առողջ մրցակցային բիզնես։ 

«Այսօր ֆինանսական շուկայում առավելապես ունենք վարկային ֆինանսավորում, որոշ դեպքերում ունենք ֆինանսական հաստատություններ, որոնք պարտատոմսեր են թողարկում, բայց էությամբ շատ քիչ են տարբերվում այն ավանդներից, որոնք նրանք ներգրավում են խնայողություններ ունեցող անձանցից»,–նկատեց նախարարը։

Նրա խոսքով՝ բոլոր կազմակերպությունները պետք է ներկայացված լինեն պարտատոմսերի եւ բաժնետոմսերի առաջարկով բորսայում եւ մենք, դուք, բոլոր քաղաքացիները պետք է իրավունք ունենան որոշել՝ ուզում ենք մեր խնայողություններն ուղղել առեւտրային բանկերին որպես ավանդ՝ քիչ ռիսկ վերցնելով, թե շատ ռիսկ վերցնելով կազմակերպության  պարտատոմս ու բաժնետոմս գնենք, բայց ավելի բարձր հատուցում ստանանք դրա դիմաց։ «Այդպիսով մենք ավելի բարձր եկամտաբերություն ենք ունենալու մեր սպասվող ներդրումների նկատմամբ, դա նպաստում է նաեւ, որ խնայողություններն ավելանան, կապիտալի շուկան ընդլայնվի, տնտեսությունն էլ ակտիվանա»,–եզրափակեց նախարարը։