Փաշինյան-Ալիեւ հանդիպումների չնախատեսված բնույթը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Ըստ նրա, մտահոգություն է առաջացնում ոչ թե վերջիին հանդիպումը, այլ ձեւաչափը: «Նման հանդիպումները պետք է կազմակերպվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, հակառակ դեպքում դրանց անցկացումը նպատակահարմար չէ», - պարզաբանել է նա:

Փորձագետը նկատել է, որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կա ավելի հստակ պատկերացում այն ​​մասին, թե ինչ է տեղի ունենում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Սա հետեւանք է այն բանի, որ Ադրբեջանում լրատվամիջոցները ենթակա են պետությանը, եւ տեղեկատվությունը, որ ստանում է բնակչությունը, միանշանակ է: Մինչդեռ Հայաստանում լրատվամիջոցներն ավելի ազատ են, եւ լրագրողները հարցեր են տալիս, որոնք, փաստորեն, մինչ օրս անպատասխան են մնացել: Հայաստանի իշխանությունների բոլոր բացատրություններն անորոշ են եւ տրվում են լրատվամիջոցների ճնշման ներքո», - նշել է քաղաքագետը:

Սակայն Աղասի Ենոքյանը չի կիսում ընդհանուր կարծիքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը նման են ղարաբաղյան հարցում, քանի որ կարեւոր է հաշվի առնել որոշումների կայացման պատմական համատեքստը: «Եթե խոսքը ինչ-որ զիջումների մասին է, ապա պետք է հաշվի առնել, որ այդ զիջումները կատարվելու են ինչ-որ ձեռքբերումների դիմաց։  Այս առումով կարեւոր է Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից մոտեցումների միասնականությունը, հակառակ դեպքում դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ անվտանգության ողջ համակարգի վրա», - եզրափակել է փորձագետը: