Կառավարութան այսօրվա, հունվարի 31-ի նիստին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որի նպատակն ավելի արդյունավետ կազմակերպել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Հանրապետության համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը և համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովումը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Սուրեն Պապիկյանը գնահատում ընդհանրապես սուբվենցիոն ծրագրերը: «Որքանո՞վ եք բավարարված ծրագրի իրականացման ծավալներով, և խոշորացված ու չխոշորացված համայնքների մասնակցության համամասնությունը ծրագրերում ինչպիսի՞ն է»:
Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ կառավարության որոշմամբ 152 սուբվենցիոն ծրագիր են ֆինանսավորել, որը կազմել է 1 միլիարդ 620 միլիոն դրամ:
Նա նշեց, որ հիմնականում խոշոր և խոշորացված համայնքներ են մասնակցում, որոնք կարողանում են ֆոնդային գումար գեներացնել: Պապիկյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում ակտիվություն նկատվում և ակնկալում են, որ բուռն մասնակցություն կլինի համայնքներում:
Տիգրան Ավինյանը արձանագրեց, որ խոշորացված համայնքներում ակնհայտորեն հավելյալ գեներացվում են գումարները, քանի որ ադմինիստրատիվ ծախսերը ավելի քիչ են:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ծրագրեր կան սելավատարների կամ սողանքների ուղղությամբ տարվող աշխատանքների առումով և համոզմունք հայտնեց, որ ոչ մի համայնք սելավատարների խնդիրը առաջնահերթ չի համարում և նախապատվությունը տալիս է տնտեսական շահութաբեր ծրագրերին:





























