Պետական եկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից կազմված ստուգման ակտի համաձայն` «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը 2014 թվականի ապրիլ, մայիս, հուլիս եւ սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում չի ներառել ՊԵԿ-ի հետ իրականացված գործարքների՝ կատարողական ակտերի համաձայն կատարված աշխատանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները, ինչպես նաեւ 2014թ. շահութահարկի հաշվարկում պակաս է ցույց տվել համախառն եկամուտը:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները: Այս եւ մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են միջոցներ` պետությանը պատճառված վնասը վերականգնելու եւ հնարավոր կոռուպցիոն պայմանավորվածությունները բացահայտելու ուղղությամբ:





























