Գյումրիի օդանավակայանը լուծում է երկու խնդիր՝ այլընտրանք է «Զվարթնոցի» նկատմամբ եւ իրականացնում է համեմատաբար էժան թռիչքներ՝ ավելի մատչելի դարձրելով օդային փոխադրումների ծառայությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի մասին, նա հույս հայտնեց, որ այն կավելացնի իր կարողությունները. «Օդանավակայանն այսօր գործում է գրեթե իր կարողությունների սահմանագծին, եւ եկող տարիների համեմատ մենք կունենանք ավելացված հնարավորություններ»:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա Տիգրան Խաչատրյանն ասաց, որ մեծ պլաններ են կապում այս ոլորտի հետ. «Հայաստան այցելողների քանակը բավական արագ տեմպերով զարգացել է՝ չնայած այն հանգամանքին, որ ծառայությունների որակում եւ ենթակառուցվածքներում դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ես սա շեշտում եմ, որպեսզի մենք բոլորս հասկականք, որ անելիք ունենք»,-ասաց նա:
Նրա համոզմամբ՝ պետք է բարելավել ե´ւ ենթակառուցվածքները, ե´ւ ծառայությունների որակը, որպեսզի այն հետաքրքրությունը, որ Հայատանի հանդեպ առկա է, ոչ միայն չնվազի, այլեւ ավելանա եւ դառնա փոքր ու միջին բիզնեսի համար կայուն եւ կանոնավոր եկամուտների աղբյուր:





























