Կոյուղաջուրը հոսում է շենքի դիտահորից, ողողում է փողոցը, մայթը, խաղահրապարակն ու հարակից տարածքը։ Այս մասին NEWS.am-ին հաղորդեց Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան 62 հասցեի բնակիչներից մեկը։ Արդեն 4–րդ օրն է՝ խցանված է կոյուղատարը, եւ դիտահորից կեղտաջուրը դուրս է հոսում։
Հունվարի 29–ին՝ խնդիրը նկատելուն պես, բնակիչները տեղեկացրել են «Վեոլա Ջուր» ընկերությանը։ «Շնորհակալություն, մենք ահազանգը գրանցեցինք»,– պատասխանն են ստացել, սակայն մինչ այս պահը խնդիրը վերացնելու ուղղությամբ որեւէ իրական քայլ չի նկատվել։
Ըստ բնակչի՝ այս կոյուղատարի խցանումը պարբերական բնույթ է կրում, խնդիրը հիմնային լուծում չի ստանում, ահազանգի մասին լսելիս էլ ստանդարտ պատասխան են տալիս. «Խնդրի մասին գիտենք, այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»։ Կոյուղաջրով ողողված փողոցն ասֆալտապատվել է անցյալ տարի. «Այդքան ֆինանսական միջոցներն էլ, փաստորեն, այսպես կորում են»,– նշեց նա։
Թեպետ դեռ ձմեռ է, սակայն Արարատի մարզի եղանակը, մասնագիտական գնահատմամբ, արդեն իսկ կարող է նպաստել տարբեր հիվանդությունների տարածմանը։ «Ես՝ որպես բժիշկ, կարող եմ ասել, որ եղանակն արդեն բարենպաստ է տարբեր բակտերիաների աճի եւ տարածման համար»,– նշեց բնակիչը։ «Վեոլա Ջուր» ընկերության մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալները կարող է ճշտել եւ խնդրի մասին խոսել ոչ շուտ, քան ժամը 14։00–ին։






























