«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի երկրորդ փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները կատարող կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ պարբերաբար կազմակերպվող քննարկումների նպատակը ծագած հարցերն արձանագրելն ու համատեղ ջանքերի ներդրմամբ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու առաջացած խնդիրների առավել արագ լուծմանը նպաստելն է։

Կապալառուների կողմից հնչեցվեցին հարցեր՝ ջրագծերի, կոյուղագծերի, նախագծի, դրա ճշգրտումների հետ կապված։ Կապալառուները նշեցին, որ որոշակի պրոբլեմներ են ծագում ճանապարհի շինաշխատանքների ընթացքում առաջացող ավելցուկային հողագրունտը տեղավորելու առնչությամբ։ Մասնավորապես, ավելցուկային հողագրունտի ժամանակավոր ամբարման համար 8 կմ շառավղով հեռավորության վրա շատ դժվար է գտնել համապատասխան տարածք։ Խնդրի կապակցությամբ որոշակի առաջարկներ արվեցին։ Շեշտվեց, որ հարցը պետք է լուծում ստանա՝ բնապահպանական բոլոր նորմերը խստիվ պահպանելով։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսվում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցաբար կապալառուների համար կազմակերպել շինաշխատանքների ընթացքում բնապահպանական խնդիրներին առնչվող սեմինար-պարապմունք։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին եւ այնտեղ առաջացած խնդիրներին։ Արծարծվեցին նաեւ հողերի օտարմանը եւ տարաբնակեցմանը վերաբերող թեմաներ։ 

Պատվիրատու-կապալառու-տեխհսկող ձեւաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 10 օրից, որի շրջանակներում կքննարկվի այս ընթացքում աշխատանքների առաջընթացը։