Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք կոպտորեն անտեսում են Սահմանադրության նորմերը: Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախկին պատգամավոր, «Փոխենք միասին» նախաձեռնության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով՝ Շիրակի մարզում տեղական մարմինները, որտեղից «Փոխենք միասին» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են սկսել Սահմանադրության դրույթների փոփոխության համար, հրաժարվում են համապատասխան տարածք տրամադրել:
«Մենք որոշեցինք ստորագրահավաքը Գյումրիից սկսել: Տեղական իշխանություններին դիմելով՝ մենք ակնկալում էինք ստորագրությունները հավաքելու համար համապատասխան տարածք ստանալ: Դա նախատեսված է Սահմանադրությամբ », - բացատրեց նա:
Մարգարյանը հավելեց, որ իրենք դադարեցրել են իրենց նախաձեռնությունը եւ դիմել են վարչապետին: «Հունվարի 30-ին մենք դիմեցինք վարչապետին` Սահմանադրության դրույթների կոպիտ խախտման մասին հայտարարությամբ», - ընդգծեց նա:
Ըստ նախկին պատգամավորի, անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ կատարել եւ վերադարձնել այն դրույթները, որոնց համաձայն պետության ղեկավարը հանդիսանում է անվտանգության, տարածքային ամբողջականության եւ անկախության երաշխավորը, ինչն այժմ Սահմանադրությունում չկա: «Հարկավոր է մեծացնել նախագահի դերը՝ վարչապետին հակակշիռ ստեղծելու համար: Բացի դրանից, անհրաժեշտ է դրույթ մտցնել, որը թույլ կտա երկրի ղեկավարին հետ կանչելու մեխանիզմներ ստեղծել», - ասաց ՕԵԿ-ի նախկին պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ դրա համար պետք է 45 օրվա ընթացքում 200 հազար ստորագրություն հավաքել: «Այս ժամկետներն անտրամաբանական են, քանի որ օրենքի փոփոխության համար պետք է նույն ժամանակահատվածում 50 հազար ստորագրություն հավաքել: Հարկավոր է շտապ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, որպեսզի երկրի նախագահը, պատասխանելով Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մասին հարցին, չասի, որ ինքը գոհ է իր ներկայիս լիազորություններից», - ավելացրեց նա:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ըստ առաջարկվող փոփոխությունների ում պետք է ենթարկվեն ուժային կառույցները, Մարգարյանը նշեց, որ դրանք պետք է ենթարկվեն եւ հաշվետու լինեն Ազգային ժողովին:
«Պատերազմի հայտարարարման եւ արտակարգ դրություն մտցնելու մասին ցանկացած նախաձեռնություն պետք է ներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի կողմից, որը, ցավոք, դարձել է խորհրդակցական մարմին:
Այնուհետեւ առաջարկը պետք է ներկայացվի Ազգային Ժողով եւ միայն խորհրդարանի հաստատումից հետո նախաձեռնությունը կարող է ուժի մեջ մտնել», - ասաց նախկին պատգամավորը` պատրաստակամություն հայտնելով համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը կաջակցի Սահմանադրության հերթական բարեփոխման նախաձեռնությունը:





























