Անգլերենի ակումբները կարեւոր են ոչ միայն անգլերենի հմտությունների զարգացման համար, այլ նաեւ բանակցելու, բանավիճելու եւ քննադատական մտածողության հմտությունների զարգացման համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Դեսպանը նշեց, որ ծրագիրը, որ կիրականացնի Բրիտանական խորհուրդը, ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների կայունության եւ անվտանգության հիմնադրամի» կողմից. «Կարծում եմ՝ ծրագիրը հիմք կընդունի այն հաջողությունը, որը գրանցեցինք անցյալ տարվա ծրագրի շրջանակներում Երեւանում, Աշտարակում, Արարատում, Վանաձորում բացված անգլերենի ակումբների շնորհիվ»։
Նա շեշտեց, որ սա ոչ միայն ուսանելու հնարավորություն է աշակերտների համար, այլ նաեւ մասնագիտական զարգացման հնարավորություն է ուսուցիչների համար։ «Ես հանդիպել եմ ծրագրի նախորդ փուլին մասնակցած ուսուցիչների հետ եւ բավականին դրական արձագանք եմ ստացել նրանցից։ Կարծում եմ, որ նրանք կկարողանան նոր ուսուցիչների հետ մեկտեղ ցանց ստեղծել եւ համագործակցությունն էլ ավելի խորացնել եւ ընդլայնել»։
Դեսպանը նկատեց՝ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում է եւ լիարժեք գիտակցում է, թե հայ ընտանիքների համար որքան կարեւոր է որակյալ կրթությունը: «Կարծում եմ, որ լավ կրթությունը Հայաստանի երիտասարդ քաղաքացիներին կարող է տալ այն հմտությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանի բարգավաճմանը»,–նշեց նա` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պատրաստ է այս ուղղությամբ համագործակցել ԿԳ նախարարության հետ:
Հավելենք, որ անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի առաջին փուլով Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում հիմնադրվել է անգլերենի ուսուցման 6 ակումբ, որոնք գործում են Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցներում: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է անգլերենի ակումբներ բացել Վայքի, Ջերմուկի (Վայոց Ձորի մարզ) եւ Բերդի (Տավուշի)ավագ դպրոցներում:
Անգլերենի ակումբներում բրիտանական փորձի վրա հիմնված խաղային մեթոդներով` հեքիաթների միջոցով լեզվական իմացությունենրը բարելավել են շուրջ 800 դպրոցականներ, վերապետրաստվել է մոտ 200 անգլերենի ուսուցիչ: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների տնօրենները, ովքեր իրենց խոսքում ընդգծել են, որ աշակերտները մեծ հետարքրությամբ եւ խանդավառությամբ են մասնակցում անգլերենի ակումբների պարապմունքներին: Միջոցառմանը տեսակապով հետեւել են նաեւ ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները:





























